login
Հոդվածներ
«Տպավորված եմ. համագործակցելու ուղիներ կփնտրեմ» Ջոն Հեֆֆերնը՝ ՀՎՀ այցից անմիջապես հետո 11/24/2014
«Ողջույն, ես Հայաստանում ներկայացնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները». Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մի քանի անկեղծ բառ փոխանակեց սինգապուրցի Քարմոն Խուի հետ, ով բնակվում է Ավստրալիայում եւ ՀՎՀ-ի ընձեռած հնարավորության շնորհիվ արդեն մի քանի ամիս հայերեն սովորում: Ջոն Հեֆֆերնը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան էր այցելել նոյեմբերի 24-ին: Հանդիպումը ոչ պաշտոնական էր, ջերմ եւ բովանդակալից: ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը, ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանը եւ վարչական տնօրեն Աննա Ենգիբարյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրեցին ՀՎՀ-ի հիմնական գաղափարը, որդեգրած ուսումնական եւ տեխնոլոգիական մեթոդները, ՀՎՀ-ի ծրագրերը, ինչպես նաեւ վերջին նորարար նախաձեռնությունները: Դոկտոր Երվանդ Զորյանը ներկայացրեց նաև ՀՎՀ ուշագրավ վիճակագրական տվյալներ, ներառյալ ուսանողների աշխարհագրական և տարիքային սանդղակները՝ նշելով, որ նրանց շուրջ 22 տոկոսը ԱՄՆ-ից է, իսկ 60-ը՝ մինչեւ 40 տարեկան: Ի պատասխան ԱՄՆ դեսպանի հարցադրմանը՝ կապված ուսանողների միմյանց և ուսուցիչների հետ դեմ-առ-դեմ շփումներին և հաղորդակցմանը, Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կողմից կազմակերպվող վիրտուալ շրջայցերը, որոնք հնարավորություն են տալիս այցելել Հայաստանի թանգարաններ, պատմամշակութային վայրեր, զբոսնել Երեւանի փողոցներում, ինչպես նաեւ մասնակցել սոցիալ-մշակութային տարատեսակ միջոցառումների՝ վիրտուալ շրջայցերի միջոցով: Ջոն Հեֆֆերնը հետաքրքրվեց ՀՎՀ սերտիֆիկացված, մագիստրոսական ծրագրերով, ինչպես նաեւ կրթության տրամադրման օնլայն եւ հիբրիդ (խառը) մոդելներով՝ նշելով դեսպանատան հետաքրքրությունը զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) հանդեպ եւ հույս հայտնելով, որ երկու կառույցների համագործակցությունը երկուստեք հետաքրքրական եւ փոխշահավետ կլինի: Այցի ընթացքում խոսվեց նաեւ ՀՎՀ-ի հեղինակած էլեկտրոնային գրքերի շարքի մասին: ԱՄՆ դեսպանը հիացած էր կրթական այս ծրագրով: «Նոյեմբերի 24-ին ես հաճույքով այցելեցի ՀՎՀ գրասենյակ: ՀԲԸՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ողջ աշխարհում բնակվող հայերին կապ հաստատել Հայաստանի Հանրապետության, հայոց լեզվի, մշակույթի եւ կրոնի հետ: Ես տպավորված եմ ՀՎՀ-ի տրամադրած դասընթացների ընդգրկունությամբ ու խորությամբ եւ առաջիկա ամիսներին համագործակցելու ուղիներ կփնտրեմ», - այցից հետո ասաց դեսպանը: ՀՎՀ-ի հետ մշտական կապի մեջ լինելու նպատակով դեսպանը դարձավ նաեւ Թվիթերում ՀՎՀ էջին հետեւող: